38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չեզոք հարսանիք

Չեզոք հարսանիք
29.09.2009 | 00:00

Ինչպես հայտնի է, անցած չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ավագ դստեր` Լուսինե Դեմիրճյանի հարսանիքը, որն ամուսնացավ Արա Աբրահամյանի զարմիկի հետ։ Լուրեր են շրջանառվում, թե նորապսակները մշտական բնակություն կհաստատեն Մոսկվայում։ Վերջին տարիների տրամաբանությամբ` արտառոց չէր և այն, որ հարսանիքը տեղի չունեցավ հայերիս համար ավանդական շաբաթ կամ կիրակի օրը. ազգային ավանդույթներից այսպիսի նահանջն արդեն օրինաչափություն է դարձել։
Ինչպես փաստում է հարսանիքին մասնակցած մեր աղբյուրը, հետաքրքիր է եղել այն հանգամանքը, որ չնայած էլիտար հարսանիքին, այն իրենց ներկայությամբ չեն պատվել ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները, թեպետ բոլորին էլ անհատական հրավիրատոմսեր են ուղարկվել։ Ընդ որում, ընդդիմության բացակայությունը պայմանավորվում է նրանով, որ ՀԺԿ-ի գործելաոճը Հայ ազգային կոնգրեսի կազմում ՀԱԿ-ի ոչ բոլոր կուսակցություններին է դուր գալիս. ներքին խոհանոցային քննարկումների ժամանակ բազմիցս արտահայտվել են կարծիքներ, թե Ստեփան Դեմիրճյանն ու իր կողմնակիցները «բալանս» են պահում, այսինքն` ՀԱԿ-ի կազմում լինելով` բոլորովին էլ չեն այրել կամուրջներն իշխանությունների հետ հարաբերություններում։
Սակայն եթե ընդդիմության բացակայությունը հարսանեկան արարողությանը, թերևս, պայմանավորված է ենթադրյալ կասկածներով, ապա բարձրագույն իշխանության ներկայացուցիչների (նախագահի, ԱԺ խոսնակի, վարչապետի, նախարարների) հարսանիքի չներկայանալն արդյունք է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանից ունեցած դժգոհության։ Խնդիրն այն է, որ Ա. Աբրահամյանն ու իր գլխավորած երկու խոշոր, քիչ թե շատ համահայկական ընդգրկում ունեցող կազմակերպություններն այդպես էլ որևէ որոշակի վերաբերմունք չարտահայտեցին օգոստոսի 31-ին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ։ Ընդ որում, իշխանությունների համար ցանկալի էր ինչպես դրական, այնպես էլ բացասական վերաբերմունքի արտահայտությունը, ինչը գոնե կնշանակեր որոշակի դիրքորոշում։ Ինչպես վարվեցին ՀՅԴ-ն, սփյուռքյան տարբեր համայնքները` ի դեմս երեք ավանդական կուսակցությունների համատեղ հայտարարությունների, Ամերիկայի հայկական համագումարը և նույնիսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որը նույնպես հստակ արձանագրեց, թե դեմ է հայ-թուրքական հաշտեցման այսպիսի «մեթոդոլոգիային»։ Իսկ Արա Աբրահամյանն ինչպես խուսափել, այնպես էլ խուսափում է դիրքորոշում արտահայտելուց, և դա Հայաստանի իշխանություններին բացարձակապես դուր չի գալիս, քանզի չեզոք դիրքորոշումը հնարավոր չէ մեկնաբանել և օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը կողմ կամ դեմ հանդես գալու տեսանկյունից։ Ռուսաստանն ամենախոշոր հայկական համայնքն ունեցող պետությունն է, և այդ համայնքի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների համար շատ կարևոր է` Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում վերջնական դիրքորոշում ճշգրտելու տեսանկյունից։ Ահա այսպես, մեծ քաղաքականությունն ազդում է նույնիսկ հարսանիքում ներկա գտնվող հյուրերի կազմի վրա։
Դժվար չէ հասկանալ նաև, որ իշխանության ու ընդդիմության երևելիները չեն ցանկացել tete a tete մի թաս բան խմել ու «մի բարձի ծերացնել» զույգ ծաղիկներին` զգուշանալով հարսանիքից հետո հորինվելիք ասեկոսեներից` իշխանություն-ընդդիմություն տանդեմի թեմաներով։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ